Եթե Սահմանադրությունը փոխվի, կշարունակվի հիասթափության ալիքը, արտագաղթը երկրից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը։
«Այսօրվա իշխանությունները, եթե սուրբ գործ էլ ձեռնարկեն, դրան չի հավատա հասարակությունը։ Ովքեր դրա օգտին դրական են արտահայտվում, դրանք իշխանական կերակրատաշտակից օգտվող մարդիկ են, որոնք հարկադրված են պաշտպանել իշխանության նախաձեռնությունները»,-ասաց Մալխասյանը։
Վերջինս անդրադարձավ նաեւ այն հարցին, թե այդ փոփոխությունից հետո ընդդիմությունն ինչ իրավիճակում է հայտնվում՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն արդեն իշխանության ճակատում են։
«Դաշնակցությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, բայց անընդհատ իշխանությունների հետ կոալիցիաներ է կազմում։ ԲՀԿ-ին կոտրեցին, ջարդեցին ու ստիպողաբար դուրս եկավ... Շատ աննորմալ վիճակ է։ Ինչպես կարող ես էս իշխանությանը վստահել, երբ փետրվարին երկրորդ քաղաքական ուժը պատրաստ էր «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, բայց նրան կացնահարեցին, վիզը ոլորեցին, դարձրին «այո»։ Եթե էս տարբերակով են իրենք Սահմանադրությունը փոխում ու փորձում բարելավվել երկրի վիճակը, պատկերն արդեն պարզ է»։
Ըստ ընդդիմության ներկայացուցչի՝ հուժկու պայքար սկսելու համար նախ պետք է ժողովուրդը վստահի ընդդիմությանը, կարողանա տարբերել նրան այն ընդդիմությունից, որը պայքարի հրապարակում կարող է ընդդիմություն ներկայանալ, բայց գնալ համագործակցել իշխանության հետ։ Վստահության առումով միակ ռեալ ուժը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժն է»,-ասաց Մալխասյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը թեեւ ծայրահեղ պահերին ցանկանում է որ իրեն աջակցի ընդդիմությւոնը, սակայն միաժամանակ իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են ժողովրդին ու ընդդիմությանը կոտրելու ուղղությամբ։




























