Հայաստանում  դեկտեմբերի 5-ին «լռության օր է»: Ուղիղ կեսգիշերին  ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Դեկտեմբերի 5-ին քարոզչության բոլոր ձեւերն արգելված են, այդ թվում` լրատվամիջոցներով:

Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը  08:00-ից մինչեւ  20:00-ն: 

Հանրապետության ողջ տարածքում կբացվի 1988 ընտրատեղամաս: Ընտրացուցակներում ընտրողների թիվը  2.554.332 մարդ է:

Համաձայն  օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005-ին, երբ նախագահական կառավարման համակարգը փոխարինվեց կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի է դրված մի նախագիծ, որով երկիրն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: