Սիրիայում ռուսական օդատիեզերական գործողությունը զգալի ազդեցություն է թողել արաբական հանրապետությունում քաղաքական ու ռազմական իրավիճակի վրա: Բրիտանական Sunday Times թերթին տված հարցազրույցում նման վստահություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Այն (ռուսական գործողությունը) զգալի ազդեցություն է թողել Սիրիայի թե ռազմական, թե քաղաքական իրավիճակի վրա»,- ասել է Ասադը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությունը:
Ընդ որում, նրա կարծիքով ԻՊ ահաբեկչական կազմակերպության ծայրահեղականների դեմ ուղղված իր գործողություններով Մոսկվան ոչ միայն պաշտպանում է տարածաշրջանը, այլեւ հսկայական ծառայություն է մատուցում եվրոպական երկրներին , որոնց քաղաքացիներից շատերն ուղեւորվում են Սիրիա, որպեսզի ծայրահեղականների կողմն անցնեն:
«Ռուսները հստակ պատկերացնում են (այս իրավիճակը): Նրանք ուզում են պաշտպանել Սիրիան, Իրաքը, տարածաշրջանը ու նույնիսկ Եվրոպան: Ես չեմ չափազանցնում, ասելով, որ այսօր նրանք Եվրոպային են պաշտպանում»,- ասել է Ասադը:
Նրա խոսքով, այս պահին ռազմական գործողությանը ցամաքային ռուսական ուժերի մասնակցության անհրաժեշտություն չկա: Չնայած, նա ապագայում դա չի բացառում. « Մենք դեռ չենք քննարկել դա (ռուսական զորքերի ցամաքային գործողությունը) ու ես չեմ կարծում, որ այն հիմա պետք է, քանի որ իրավիճակը զարգանում է անհրաժեշտ ուղղությամբ: Ռուսները կարող են ժամանակի ընթացքում կամ էլ այլ հանգամանքներում դիտարկել այդ հարցը» - ենթադրում է Ասադը:




























