Այսօրվանից սկսվում է Հայաստանի հանրապետության վերակառուցումը: Այս մասին լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող «Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատի խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք պետք է կառուցենք մեր երկիրը ու դառնանք նրա տերը: Եթե դա չանենք, մենք դեռ երկար տարիներ մեր երկիրը փոխելու հնարավորություն չենք ունենա: Այսօրվանից սկսվում է Հայաստանի հանրապետության վերակառուցումը: Որքան էլ վերամբարձ ու բարձր դա չհնչի, ես հավատում եմ դրան: Հավատում եմ, որ եթե մենք նստենք տներում, ապա ոչինչ չի փոխվի, իսկ երբ մենք Նոր տարի տոնենք, ոչ մի իսկական կենաց չի լինի՝ նոր տարին լի կլինի անարդարություններով, վշտով ու արտագաղթով: Մենք ասում ենք, որ ուզում ենք ուրիշ Հայաստան՝ նոր, իրական, որը կպատակի մեզ ու ձեզ»,- ասել է նա:

Ինչպես նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում այսօր կհավաքվեն մարդիկ, որոնք դեմ են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին ու պատրաստ են սկսել իրենց ուղին դեպի նոր Հայաստանի կայացում: Յուրաքանչյուր երեք ժամը մեկ հրապարակում լրատվամիջոցների համար ու Հայաստանի բոլոր շահագրգիռ քաղաքացիների համար տեղեկատվական հավաքներ կլինեն: Հենց մթնի, կկազմակերպվեն լրատվամիջոցների որոշ նյութերի, նաեւ այլ տեսահոլովակների դիտումներ, որտեղ կցուցադրվեն տարբեր մարդկանց՝ այս թվում ամբողջ աշխարհի նշանավոր հայերի տեսակետները:

«Մենք պետք է պայքարենք՝ հանուն Հայաստանի հանրապետության: Այսօր երեկոյան ժամը 8-ից ինձ կգտնեք Ազատության հրապարակում: Ես չեմ հրավիրում ու կոչ չեմ անում, պարզապես ասում եմ, որ եթե մեր ժողովուրդը փոփոխություններ է ուզում, այդ փոփոխությունները պետք է այսօր սկսվեն»,- հայտնել է «Ժառանգության» առաջնորդը:

Երեկոյան ժամը 8-ից, ինչպես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, կսկսվի բուն հանրահավաքը, որի ժամանակ հանձնաժողովի՝ Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող անդամները կներկայացնեն իրենց հաշվետվությունները ու իրենց դիտարկումների արդյունքները: Հետագա գործողությունները պայմանավորված կլինեն հանրաքվեի նախնական արդյունքներով, որոնք կհրապարակվեն երեկոյան:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով ինքը գիտի, որ հանրաքվեին շատ խախտումներ են եղել, ու կարելի էր հենց հիմա սկսել բողոքը, բայց ինքը նախընտրում է սպասել հանրաքվեի արդյունքներին, որպեսզի« չընտրված իշխանություններին» կողմնորոշվելու հնարավորություն տա՝ գնալ մինչեւ վերջ ու կեղծել հանրաքվեի արդյունքները, թե՞ մի քիչ մտածել մինչ դրանք հրապարակելը: