Սիրիայում ԻՊ դիրքերին բրիտանական ՌՕՈւ հարվածներն ապօրինի են ու դատապարտված են ձախողման, քանի որ չունեն աջակցություն՝ ի դեմս սիրիական բանակի հետ համակարգված ցամաքային գործողության: Այս մասին բրիտանական Sunday Times թերթում կիրակի հրապարակված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Դուք չեք կարող կտրել քաղցեղային ուռուքի մի մասը: Դուք պետք է այն ամբողջությամբ հեռացնեք: Նման գործողությունները նման են ուռուցքի մի մասը կտրելուն: Դա հանգեցնում է նրան, որ ուռուցքն ավելի արագ է տարածվում մարմնով մեկ»,- ասել է Ասադը՝ խոսելով ԻՊ ծայրահեղականների դիրքերին բրիտանական թագավորական ՌՕՈւ հասցրած հարվածների արդյունավետության մասին: Այդ հարվածները սկսվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը այն բանից հետո, երբ Բրիտանիայի խորհրդարանը վարչապետ Դեւիդ Քեմերոնին «կանաչ լույս» է ցույց տվել՝ դրանք իրականացնելու համար, հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:

Ասադի կարծիքով նման գործողությունը կարող է արդյունավետ լինել միայն ցամաքային ուժերի աջակցության դեպքում: «Այն պետք է իրականացվի օդից, ցամաքից եւ համակարգվի ցամաքում գտնվող  ազգային զորքերի հետ, որպեսզի նման միջամտությունը օրինական լինի: Այնպես որ ես կասեի, որ նրանք (բրիտանացիները) կամք ու պատկերացում չունեն, թե ինչպես հաղթեն ահաբեկչությունը»,- համարում է նախագահը:

Ընդ որում Ասադը չի համաձայնել Քեմերոնի հետ, որը մտադիր է ապագայում ԻՊ դեմ պայքարում ապավինել այսպես կոչված Սիրիական ազատ բանակի զինյալներին ու այդ հավաստիացումները ֆարս է անվանել: «Սա Դեւիդ Քեմերոնի բազմասերիանոց դասական ֆարսի նոր դրվագն է ... Ո՞ւր են նրանք: Ո՞ւր են այդ 70 հազար չափավոր զինյալները, որոնց մասին նա խոսում է: Այնտեղ 70 հազար չկան: Այնտեղ նույնիսկ 7 հազար չկան»,- վստահ է Սիրիայի նախագահը: