Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է, որ 33/75 տեղամասում դիտորդին կաշառք են առաջարկել՝ խախտումների վրա աչք փակելու պայմանով, ինչի արդյունքում թեթեւ վիճաբանություն է սկսվել, հաղորդում է Transparency.am-ը: 

Նույն տեղամասում, նախաձեռնության փոխանցմամբ, դիտորդը մի քանի անգամ նկատել է, որ ընտրատեղամասի հարակից տարածքում փող են բաժանում։

04/05 տեղամասում էլ դիտորդների ձեռքից հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով խլել է տեսագրություններով հեռախոսները, ջնջել պարունակությունը եւ նոր վերադարձրել նրանց:

29/11, Տեղամասում կրկին գրանցվել է դեպք, երբ իբր հաշմանդամները քվեարկում են մեքենայի մեջ: Քվեաթերթիկը դուրս է բերվում տեղամասից, քվեարկությունը կազմակերպվում է տեղամասից դուրս՝ տրանսպորտային միջոցի մեջ, որից հետո քվեաթերթիկը վերադարձվում է տեղամաս՝ վստահված անձի կողմից:

09/17 Հանձնաժողովի նախագահի կնիքը հայտնվել էր հանձնաժողովի անդամ Սոնայի մոտ, իսկ Սոնայի կնիքը հայտնվել էր աղբամանում, ԿԸՀ-ին տեղեկացրել են եւ այդ ժամանակ դադարեցրել են քվեարկությունը, իսկ այդ կորած կնիքը գտել են աղբամանից:

10/15 տեղամասում (Երեւան, Ե.Քոչարի 12/1) 15:20-ին ընտրողն ահազանգել է, որ ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր եւ նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, սակայն խախտումը չեն արձանագրել: