Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը կարծում է, որ Ֆրանսիայում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կայանալիք տեղական ընտրությունների առաջին փուլում հաջողության կարող է հասնել հայ Նորբերթ Հեքիմյանը:
«Թեկնածուների մեջ կան հայեր, սակայն կարծում եմ, որ Լիոնում առաջադրված Նորբերթ Հեքիմյանը ռեալ հնարավորություն ունի՝ հաջողության հասնելու: Նա ներկայացնում է ծայրահեղ աջ թեեւը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիլդա Չոբոյանը:
Չոբոյանի կարծիքով՝ չի բացառվում, որ տեղական ընտրություններում նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունը դժվարություններ ունենա:
«Կարող է լինել այնպիսի իրավիճակ, ինչպիսին ԱՄՆ-ում է, երբ կառավարությունը ղեկավարում է մեկ կուսակցություն, իսկ երկու նախագահական ընտրություններում ընկնող ընտրություններում հաղթում է մեկ այլ կուսակցություն: Չի բացառվում, որ նման իրավիճակ էլ կլինի Ֆրանսիայում, երբ Օլանդի կուսակցությունը հաջողություններ չգրանցի տեղական ընտրություններում»,- ասաց հայ պատգամավորը:




























