ՀՀ գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ, ժամը 13.00-ի դրությամբ, գրավոր դիմում-հաղորդումներ չեն ստացվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԿԸՀ մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը: Նրա խոսքով, լրատվամիջոցների միջոցով ընտրախախտումների վերաբերյալ ավելի քան 10 հրապարակումների դատախազությունն ընթացք է տվել:
Մարուխյանը նշել է, որ այդ նյութերն ուղարկվել են դատախազության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ, դրանցում նշված հանգամանքների իսկության ստուգումը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարելու համար:
«Դատախազի կողմից հանձնարարվել է ընտրախախտումների վերաբերյալ յուրաքանչյուր քննարկում դարձնել քննարկման առարկա ու հանցավորության հատկանիշների առկայության դեպքում դրանց տալ համապատասխան քրեաիրավական գնահատական»,-նշել է նա:



























