Պրիմորյայի սաֆարի պարկի այն վանդակում, որտեղ ապրում են անբաժան ընկերներ վագր Ամուրն ու այծ Տիմուրը, տեսախցիկ է տեղադրվել, որի շնորհիվ կարելի է հետեւել կենդանիներին, որոնք վայրի բնության մեջ որսորդ ու որս են:

Վագրը այծի նկատմամբ ոչ մի ագրեսիա չի դրսեւորում: Ավելին՝ նա հետաքրքրվել է իր ընկերոջ բուսական սննդակարգով ու նույնիսկ փորձել է լիզել այծի համար դրված աղակտորը: Սաֆարի պարկի կայքում տեղադրված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է Ամուրը խաղում աղի կտորի հետ, իսկ հետո էլ գնում ջուր խմելու: Հետո գիշատիչը սկսում է հոտոտել բանջարեղենն ու խոտը, որոնք Տիմուրի համար են նախատեսված, բայց դրանք նրան ախորժալի չեն թվում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ամուրին, ըստ էության, ախորժալի պետք է թվար հենց ինքը Տիմուր այծը, բայց ինչ- որ անհասկանալի պատճառներով որսորդի ու զոհի ընկերությունն արդեն երկու շաբաթից ավել է շարունակվում: Այծը վագրին իր առաջնորդն է համարում ու ամենուրեք հետեւում է նրան, իսկ վագրը այծին սովորեցնում է «որսորդություն» անել: