Երեւանի Ազատության հրապարակում արդեն 5-րդ օրը շուրջօրյա հավաք անցկացնող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դիտորդական առաքելություն իրականացնող քաղաքական եւ հասարակական գործիչներին հարթակ կտրամադրի նրանց կողմից արձանագրված բոլոր ընտրախախտումների մասին բարձրաձայնելու նպատակով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում հրավիրված լրագրողների հետ հերթական հանդիպմանը հայտարարեց փրկության ճակատի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը:
«Եթե նախկին ընտրություններին մահացածները կենդանանում էին, արտագաղթածները վերադառնում, ապա այս անգամ բնակչության թիվն է ավելացել: Հաստավիզներն ուղղորդում են մարդկանց ընտրելու ժամանակ: Բոլոր դիտորդները, ովքեր ընտրախախտումներ են արձանագրել կարող են օգտագործել մեր հարթակը եւ բարձրաձայնել դրանց մասին: »,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
«Նոր Հայաստանի» անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց վստահված անձինք շարունակում են ընտրակեղծիքները արձանագրել տարբեր ընտրատեղամասերում:
Ընտրակեղծիքները, ըստ Մարտիրոսյանի, արտահայտվում են ընտրակաշառքի, լցոնումների, լրացուցիչ քվեաթերթիկներով ընտրողների եւ հանձնաժողովի անդամներին ահաբեկելու տեսքով:
Արմեն Մարտիրոսյաննների խոսքով` հանրաքվեի օրը նույնիսկ լրագրողներն են ճնշման ենթարկվում:
«Այսօր մեր լրագրողները սովորական լրագրող չեն, նրանք ռազմաճակատային լրագրողներ են, որոնք դուրս են եկել կրիմինալի դեմ, իսկ կրիմինալն ի շահ իշխանությունների է այսօր գործում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հաջորդ հավաքը լրագրողների հետ տեղի կունենա 18:00-ին` Ազատության հրապարակում:


























