ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վստահ է, որ այսօր մենք սկիզբ ենք դնելու Հայաստանի համար եւ վաղվանից ամեն ինչ դեպի լավն է գնալու:

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ կարեւոր քայլ է կատարվում:

«Կարեւոր քայլն այն է, որ երկրի մեջ կձեւավորվի քաղաքական դաշտը եւ կստեղծվի իրական մրցակցության հնարավորություն: Այսօրվա իրականության մեջ քաղաքական կարիերա հետապնդող մարդիկ փորձում են մեկ շաբաթում հարցերն այնպես լուծել, որ իշխանության գան, իսկ վաղվանից կփորձեն աշխատել, նախապատրաստվել եւ ժողովրդի քվեով գալ իշխանության»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: