Գյումրիում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը քվեարկելիս չի խաչակնքվել, որ ուրիշ բան չմտածեն:

Շիրակի մարզպետը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովներին կոչ արեց լինել անաչառ եւ գործել օրենքի սահմանում: «Արտառոց բան չէի ուզի լիներ մեր մարզում»,- նշեց նա:

Ֆելիքս Ցոլակյանը նաեւ մի պատմություն հիշեց, երբ այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը գնացել էր իր  աշխատանքից դուրս գալու վերաբերյալ քվեարկությանը, խաչակնքվել է, ապա նոր քվեաթերթիկը գցել քվեատուփը:

«Հիմա ես էդ չարեցի, որովհետեւ էսքան մարդ են հավաքված, միանգամից ուրիշ բան էին ասելու»,- ասաց մարզպետը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասյանն էլ նշեց, որ կարեւորում է, որ ակտիվ քվեարկություն լինի, քաղաքացիները արտահայտեն իրենց կամքը քվեարկությամբ:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: