Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նորից դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի նախագծից: Նման խնդրանքով նա հանդես էր եկել Բրյուսելում Եվրամիության ԱԳՆ ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Մենք դիմում ենք մեր եվրոպացի գործընկերներին, որ նրանք «Հյուսիսային հոսք 2» նախագծի համար ամենախիստ տեսչությունն ապահովեն: Եվ մենք համարում ենք, որ այս նախագիծը պետք է արգելափակվի, քանի որ չի համապատասխանում ոչ ԵՄ, ոչ էլ Ուկրաինայի շահերին»,- հայտնել է Ուկրաինայի վարչապետը:
Ավելին՝ Յացենյուկը նշել է, որ այս նախագծի իրականացումը կզրկի տրանզիտային «միլիարդավոր դոլարներից», որոնք այս պահին ստանում են Ուկրաինան, Լեհաստանն ու Սլովակիան:
«Այն Ուկրաինային, Լեհաստանին ու Սլովակիային զրկում է միլիարդավոր դոլարների եկամուտներից, նաեւ ԵՄ –ին է զրկում գազի շուկայում մրցակցությունից՝ առաջացնելով «Գազպրոմից» նրա կախումը»,- հավաստիացնում է Յացենյուկը:



























