ԵՄ-Ուկրաինա ազատ առեւտրի գոտին ժամանակավոր ռեժիմով ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Այս մասին ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի խորհրդի նիստում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

«ԵՄ-Ուկրաինա ազատ առեւտրի գոտին ժամանակավոր ռեժիմով ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, ինչը կհաստատի այդ երկրում բարեփոխումների գործընթացին աջակցելու մեր հավատարմությունը»,- ասել է նա։

Իր հերթին հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել այդ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու բոլոր դժվարությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարեւոր է հիշեցնել, որ Եվրահանձնաժողովն արդեն Ուկրաինային 55 մլն եվրո է տրամադրել փոքր եւ միջին ձեռնարկությունները ազատ առեւտրին անցնելու համար։ Պետք է հասկանանք, որ ազատ առեւտուրը բարդ խնդիր է, բայց միաժամանակ դա կարեւոր հնարավորություն է բիզնեսի համար»,- ասել է նա։