Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին եւ նրա հետ քննարկել դատապարտյալների փոխանցման համար իրավական հիմքեր ստեղծելու հարցը:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին եւ նշել, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները լավ հիմք են նաեւ իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ զարգացնելու համար: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցերը եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ անդրադարձել Հայաստանի եւ Քուվեյթի արդարադատության նախարարությունների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների:
Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ դատապարտյալների փոխանցման համար իրավական հիմքեր ստեղծելուն, փոխադարձ այցեր կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր եւ հավաստել, որ այս հանդիպումը իրավական ոլորտում գործակցությունը զարգացնելու լավագույն մեկնարկն է:




























