Մոսկովյան պուրակը, որտեղ գտնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, կրկին փակ է։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները, հասնելով Մոսկովյան պուրակ եւ հանդիպելով ոստիկանական պատին, կանգնել են պուրակի մուտքի մոտ` Կորյունի կողմից։
Ցուցարարները վանկարկում են «անվավեր», «ամոթ, ամոթ», պահանջում են անվավեր ճանաչել դեկտեմբերի 6–ի հանրաքվեի արդյունքները եւ հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։
«Ժամը 1-3-ը Տիգրան Մուկուչյանն ինքը իր ձեռքով աձամբ նկարում էր այս խայտառակությունը: Մենք եկել ենք մեր բողոքի խոսքն ասելու անձամբ Տիգրան Մուկուչյանին»,- ԿԸՀ շենքի մոտ հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը՝ մարդկանց կոչ անելով միանալ իրենց շարժմանը:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացեց: Քվեաթեթրիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն` 63,35 տոկոսը (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող):
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեից անմիջապես հետո հանրահավաք ու երթ էր սկսել Երեւանի կենտրոնում՝ պահանջելով չեղյալ հայտարարել քվեարկությունը, որը նրանք համարում են կեղծված: Մինչեւ առավոտյան ժամը 3-ը շարժման մասնակիցները երթ էին անում Երեւանի կենտրոնում մի քանի անգամ ապարդյուն փորձելով մոտենալ ԿԸՀ շենքին, որը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկաններով:
Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել նաեւ «Ոչ»-ի ճակատը, որի կազմում են ՀԱԿ-ը եւ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը:







































