Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովրդի իրական մասնակցությունը եղել է 40 տոկոսից պակաս, ոչ թե 50.55 տոկոս, ինչպես հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտատարեց «Ոչ»-ի ճակատի միասնական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը
«Ոչ»-ի ճակատի գնահատականով` քվեարկությանը մասնակցել է մոտ 800 000 մարդ, որոնցից 600 000-ը դեմ է արտահայտվել փոփոխություններին, 200 000-ը`կողմ:
«Ընտրակեղծարարության այսպիսի պայմաններում, եթե ԿԸՀ-ն հայտարարում է, որ «ոչ» է քվեարկել 421 000 ընտրող, սա մեծագույն հաղթանակ է: Թեեւ ժողովուրդը չկարողացավ հեռացնել իշխանություններին, բայց կարողացավ մի լավ ապտակ հասցնել: Այս քվեարկությունը նաեւ վնասեց Սերժ Սարգսյանի միջազգային հեղինակությունը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով`իրենց մի քանի օր ժամանակ է հարկավոր կեղծիքների վերաբերյալ ձայնագրությունները, տեսագրությունները եւ մյուս նյութերը կազմելու եւ համապատասխան մարմիններին ուղարկելու համար:
«Ոչ»-ի ճակատը նաեւ նախատեսում է դիմում ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել հանաքվեի արդյունքները: Այս աշխատանքները կատարելուց հետո` դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ՀԱԿ-ը կանցկացնի ամենամյա երթ` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, որի կանգառներից մեկը կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրասենյակը:
Զուրաբյանը հրապարակավ կոչ արեց «Նոր Հայաստանին» միանալ իրենց երթին: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց առաջարկը, եւ իր հերթին բոլոր քաղաքական ուժերին հորդորեց միանալ հաջորդ օրը` դեկտեմբերի 11-ին, Ազատության հրապարակում իրենց հրավիրած հանրահավաքին:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն` 63,35 տոկոսը (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող): Ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է:




























