Խորհրդային իշխանության տարիներին թեթեւ արդյունաբերությունը հայկական արդյունաբերության պարծանքն էր։ Փակ տնտեսական համակարգում հայկական ոչ այնքան որակյալ կոշիկն ու տրիկոտաժը հաջողությամբ նվաճում էին խորհրդային չկայացած շուկաները։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո, տնտեսական կապերի դիվերսիֆիկացման պայմաններում, չինական, թուրքական, արաբական արտադրանքը աստիճանաբար խորհրդային շուկաներից լիովին դուրս մղեցին հայկական կոշիկն ու տեքստիլը։ Նույնիսկ հայկական շուկայում դրանք այլեւս մրցունակ չեն։ Պատճառները բազմաթիվ են՝ սկսած դրամի արժեւորումից մինչեւ անորակ մենեջմենթ, պետական ծրագրերի անարդյունավետությունից մինչեւ վարկային տոկոսադրույքների թանկություն։
Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը, հատկապես Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, սկսել է ծրագրեր մշակել տեղական արդյունաբերության վերածննդի ուղղությամբ, որում մեծ տեղ է հատկացվում թեթեւ արդյունաբերությանը։ Մենեջմենթի որակը փոխել առայժմ չի հաջողվում, բիզնես միջավայրն էլ լավագույնը համարել չես կարող, այդ պատճառով թերեւս կառավարությունը շեշտը դրել է բարոյահոգեբանական գործոնի վրա, որն ընդհանուր առմամբ ամփոփվում է «գնենք հայկականը» արտահայտության մեջ։ Այս ուղղությամբ, հերթական նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը, որը սեպտեմբերի 18-19-ին Բուսաբանական այգում կազմակերպելու է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն եւ ցուցահանդես-վաճառք։
Բնավ չենք ուզում նսեմացնել նման փառատոնների ու հայրենասիրական կոչերի նշանակությունը։ Բայց այսօր դժվար է գտնել կառավարության թեկուզ մեկ անդամի, որ հայկական կոշիկ կամ կոստյում է հագնում։ Մի տեսակ դեմագոգիայի պես է հնչում, երբ 200 դոլարանոց կոշիկ հագած անձը մյուսներին համոզում է, որ հայրենասիրությունը 5 հազար դրամանոց կոշիկ հագնելն է։ Կարծում եմ՝ այս քարոզչությունը արդեն սպառել է իրեն, ժամանակն է, որ կառավարությունում այլ բան մտածեն տեղական արդյունաբերությունը զարգացնելու համար։
Սամվել Ավագյան




























