Հայաստանում դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ոչնչով չէր տարբերվում նախորդ հանրաքվեներից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ինքը կցանկանար, որ երկրում  կայանար այնպիսի հանրաքվե, որի արդյունքում ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ կաճեր։

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է հասնել ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այլ նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականին, Պողոսյանը նշեց. «Եթե մենք քննարկենք անձանց, մենք որեւէ հնարավորություն չենք ստանա քաղաքական համակարգում փոփոխությունների հասնելու համար։ Մենք պետք է փոխենք համակարգը։ Սեյրան Օհանյանն իրականում ազգային հերոս է, որը մեծ հարգանք է վայելում ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակում»։