Հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է 1.0 մլրդ դոլարից քիչ ավելի: Գումարը, իհարկե, տպավորիչ է: Սակայն արտաքին դրամական փոխանցումների անկումը պակաս տպավորիչ չի եղել՝ տարեկան կտրվածքով 478.5 մլն դոլար կամ 32.3%: Այսինքն՝ մեր քաղաքացիները հունվար-հոկտեմբերին արտերկրից գրեթե կես միլիարդ դոլարով ավելի պակաս են ստացել, քան մեկ տարի առաջ: Սա կապված է «ռուսական» փոխանցումների՝ գրեթե 471.8 մլն դոլարի կամ 38.0%-ի չափով անկմամբ:
Ռուսաստանից դրամական փոխանցումների դինամիկայի վրա բացասաբար է անդրադարձել երկու հիմնական գործոն: Նախ՝ ընթացիկ տարում խստացել են մուտքի, ինչպես նաեւ երկրում կեցության կանոնները: Երկրորդ՝ Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամը կրկնակի հարված հասցրեց աշխատանքային միգրանտներին. ավելի դժվար դարձավ աշխատանք գտնելը, բացի այդ, այդ երկրում ապրելը զզգալիորեն թանկացավ: Ռուսական աղբյուրների համաձայն, ընթացիկ տարում, անցյալ տարվա համեմատ, երկիր 0.6 մլն-ով ավելի քիչ մարդ է ժամանել: Հիշեցնենք, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մուտքը Ռուսաստան մերժվել է:
Հոկտեմբերին իրավիճակը չի բարելավվել: Այս ամիս դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կրճատվել է 52.5 մլն դոլարով կամ 32.5%-ով, իսկ Ռուսաստանից՝ 52.6 մլն դոլարով կամ 38.2%-ով: Մյուս երկրների մասով զուտ խորհրդանշական՝ 0.1 մլն դոլարի կամ 0.2%-ի չափով աճ է գրանցվել:
Դրամական փոխանցումների գծով բնակչության եկամուտների այդքան զգալի նվազումն արդեն ազդել է երկրի տնտեսության վրա: Այսպես, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են ինչպես համադրելի, այնպես էլ ընթացիկ գներում: Անբարենպաստ միտում է նկատվում նաեւ ապրանքների արտահանման մասով: Այս գործոնների ազդեցությամբ Հայաստանի պետբյուջեի հարկային հոսքը (հատկապես ԱԱՀ-ի մասով) զգալիորեն կրճատվել են:





























