Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, մտահոգիչ են եւ պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են եւ լեգիտիմ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում ասվում է.

«Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման  համակարգի փոփոխությունը զգալի է:

Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են եւ պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են եւ լեգիտիմ:

Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին եւ ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների  թափանցիկ քննություն: Այս հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաեւ կառավարության եւ ազգային ժողովի կողմից  նոր ընտրական օրենսգրքի ձեւավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ եւ ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում: