Հայաստանի տնտեսությանը ռուսական ռուբլով վարկեր են անհրաժեշտ: Այդ մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է «Բարգաված Հայաստանից» պատգամավոր Միքայել Մելքումյանը` ելույթ ունենալով  2016-ի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկմանը: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ԲՀԿ-ն կառավարությանը շանս կտա եւ կաջակցի պետբյուջեի նախագծին:  

Պատգամավորի խոսքով, դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի ավելի քան 80 տոկոս անկման եւ դրամի` դոլարի նկատմամբ  18 տոկոս անկման պայմաններում անհրաժեշտ է այնպես անել, որ հայկական արտահանումը ռուբլու արտահայտությամբ չթանկանա:  Դրա համար Հայաստանը պետք է ռուսական ռուբլով վարկեր վերցնի: Հակառակ դեպքում անհամապատասխանություն կառաջանա Ռուսաստանից ռուբլով եկամտի եւ դոլարով կամ եվրոյով վարկային պարտավորությունների միջեւ:  Այս տարի, նշել է նա, մի շարք շատ կարեւոր տնտեսական մեխանիզմներ են գործարկվել: Այսպես` ուժի մեջ է մտել սահմանամերձ գոտիներում ձեռնարկությունները հարկերից ազատելու մասին որոշումը:   Զրոյի է հասցվել սահմանին ԱԱՀ-ից ազատման շեմը  ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծումների համար:  Անհրաժեշտ են մի շարք այլ քայլեր:  Այսպես, արտահանման պետական ապահովագրություն անհրաժեշտ է առաջարկել մինչեւ արտահանման գործարքները, ոչ թե դրանից հետո, ինչը կմեծացնի բիզնեսի համար ապահովությունը: «Բացի այդ, անհրաժեշտ է  հետաձգել հումքի ներմուծումից մաքսային տուրքերի վճարումը, որպեսզի հնարավոր  լինի դրանք հետին թվով վճարել` պատրաստի արտադրանքի իրացումից հետո», - ամփոփել է Մելքումյանը: 

Նշենք, որ Հայաստանում նման որոշում է ընդունվել նոյեմբերի  19-ին, սակայն դա վերաբերում է ոչ թե ամբողջ տուրքի վճարման հետաձգմանը, այլ հումքի եւ պատրաստի ապրանքի համար վճարվելիք տուրքերի տարբերությանը:  Այսպես, եթե հումքի վրա դրված տուրքն ավելի բարձր է, քան ապագա արտադրանքը, բիզնեսը մի տարի ժամանակ կստանա հումքը վերամշակելու եւ պատրաստի արտադրանքից ավելի ցածր տուրք վճարելու համար    (ինչպես եթե ոչ թե հումք ներմուծեր, այլ ապրանքներ):