Հայաստանի քաղաքացիները չպիտի ընկճվեն: Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ ընդդիմություն կառուցել: Այդ մասին դեկտեմբերի  8-ին Հայաստանի խորհրդարանում ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր շուրջ ադմինիստրատիվ, ֆինանսական եւ նույնիսկ քրեական ռեսուրս հավաքելով, վերահսկողության տակ է առել ամբողջ երկիրը: «Մեծամասնության իրավունք հաստատելու համար անհրաժեշտ է վերահսկել ընտրությունների օրինականությունը: Դրա համար պետք է  6 հազար մարդ, որոնք համապետական ընտրություններին կարողանան տեղամասերում պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը:  Հետո անհրաժեշտ է ստեղծել քաղաքական այնպիսի թիմ, որն ի վիճակի է տնտեսական ծանր իրավիճակից ելքի հստակ եւ հասկանալի ծրագիր ներկայացնել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին եւ սփյուռքի հայրենակիցներին խնդրելով աջակցել բոլորի համար կարեւոր այս գործին եւ միանալ նրան», - նշել է Փաշինյանը: