Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ԿՊՀ) Շվեյցարիայի դատախազությանը, ինչպես նաեւ շվեյցարական ֆինանսական շուկան վերահսկող մարմնին մանրամասն հայց է ուղարկել գլխավոր դատախազ Արտյոմ Չայկայի որդու նկատմամբ: Այդ մասին իր կայքում տեղեկացրել է Ալեքսեյ Նավալնին:  

«Բողոքում խոսքն այն մասին է, որ Շվեյցարիայի տարածքում առնվազն  10 տարի հանցավոր խումբ է գործում, որի նպատակը հանցավոր եղանակով ձեռք բերված միջոցների լվացումն է: Տեղի իրավաբանների խումբը հանցավոր գործունեություն է իրականացնում, այդ թվում նաեւ` ՌԴ գլխավոր դատախազի` Յուրի Չայկայի ընտանիքի միջոցների օրինականացում», — ասված է հաղորդագրության մեջ: 

Հայցում Շվեյցարիայի մի քանի քաղաքացու անուն կա, որոնք անմիջական կապ ունեն Արտյոմ Չայկայի, ինչպես նաեւ Լիսուրենկո ընտանիքի հետ. նրանք Չայկային կեղծ հասցե են տրամադրում Շվեյցարիայում- տեղեկացնում է  «Дождь»-ը:

Բացի այդ, հիմնադրամը խնդրում է ստուգել, թե արդյոք օրինական է գլխավոր դատախազի որդուն Շվեյցարիայում կեցության իրավունքի տրամադրումը: 

Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Չայկայի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետաքննությունը Կրեմլում հետաքրքրություն չի առաջացրել: 

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի վերաբերյալ ՀԴԲ-ի հետաքննություն-ֆիլմը հրապարակվել է անցյալ շաբաթ: