«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրատեղամասում քվեաթերթիկի պատռելը խիստ ազդել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Համլետ Հարությունյանն՝ ընդգծելով, որ հիասթափված է ընդդիմադիր ուժի լիդերից։
«Ես մեղադրում եմ «Ժառանգության» լիդերին, որը ցուցադրական ճղեց քվեաթերթիկն ու ծրարը։ Դա աննախադեպ բան էր։ «Ոչ»ի կողմնակիցներից շաատ շատերը, որ էդ ժամերից հետո պիտի գնային ընտրության, Րաֆֆիի վարքագիծը տեսնելով՝ գնացին «այո» ասեցին»,-համոզված հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ վրդովված շարունակելով, թե այդ մի ձայնը կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ հանրաքվեի վրա։
«Դա ի՞նչ բան էր, անընդհատ իշխանությանն եք մեղադրում, ես էլ ձեզ եմ մեղադրում։ Հանրաքվեն կարող էր մի ձայնով որոշիչ լիներ, ոչ պառլամենտական, ոչ էլ նախագահական ընտրություն էր սա։ Քվեն պատռելը մեծ վնաս էր «Ոչ»-ի ճակատին, դրանից հետո շատերը գնացել «Այո» են ասել։ «Ոչ»-ի Ճակատում կարող էր էդ մի ձայնը շատ ճակատագրական լիներ»,-մեկնաբանեց իշխանության ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ աննախադեպ վարքագիծը Ընտրական օրենսգքրի կոպիտ խախտում էր։ «Դրա մասին չեն խոսում, իսկ ես տեսել եմ դա եւ ինձ վրա շատ վատ տպավորություն է թողել քաղաքական ընդիմություններրից մեկի լիդերի այդ վարքագիծը։ Իսկ դուք միշտ մեզ եք մեղադրում, եթե մենք անեինք, էնպիսի բաներ, կգրեիք որ մազերս բիզ-բիզ կկանգներ»,-ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագծից հիասթափված Համլետ Հարությունյանի վրա, օրինակ, չի ազդել ընտրակեղծիքների վերաբերյալ արձանագրված, հրապարակված ահազանգերն ու փաստերը։ ԵԽԽՎ դիտորդական խմբի նախնական զեկույցն էլ, որտեղ արձանագրված են ընտրակաշառքը, «կառուսելը», ընտրողների վրա ճնշումները, վարչական ռեսուրսի օտագործումն ու ընդդիմադիրներին կաշառելու ահազանգերը, պատգամավորը համարում է վրեժխնդրություն Հայաստանից այն բանի համար, որ անդամագրվեց Եվրասիական տնտեսական միություն։
«Ինչ ձեւի էլ, որ լինեին ընտրությունները ԵԽԽՎ-ն լեգիտիմությունը չէր ճանաչելու, դա այն օրվանից էր, երբ Հայաստանը Եվրասիական միության մեջ մտավ։ Իհարկե, կասկածում եմ իրենց զեկույցին։ Ինչու եք իդեալականացնում։ Չէ՞ որ նրանց գործունեությունը Հայաստանի համար ինձ ու իմ նման մտածող մարդկանց մոտ կասկածներ է առաջացնում, երբ էդ նույն ԵԽԽՎ վեհաժողովը ադրբեջանամետ փաստաթղթեր է ընդունում»,-հիմնավորեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Գայանե Սարիբեկյան




























