ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երեւանի «Լամբադա» կամրջի վրա բախվել են «ՎԱԶ 21074» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Լ.Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայի ուղեւոր Ն.Ավչյանը եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Է.Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական-դատաքիմիական համալիր, ինչպես նաեւ` ավտոմեքենաների տեխնիկական սարքինության վերաբերյալ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:



























