Ազատության հրապարակից մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթը, որը ամեն տարի այս օրն անցկացնում է Հայ ազգային կոնգրեսը։ Այս անգամ նրանց ՀԱԿ–ի առաջարկով միացել է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը (ֆոտոռեպորտաժ

Երթը գլխավորում են ՀԱԿ–ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Նոր Հայաստանի» եւ «Ոչ»–ի ճակատի մաս կազմող քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ներկայացուցիչներ։

Երթի մասնակիցները շարժվում են դեպի  Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ, ըստ կազմակերպիչների, սահմանադրական հանրաքվեի ընթացքում կոպտորեն խախտվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները։

Մինչեւ երթի մեկնարկը Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պայքարը սեփական իրավունքների պաշտպանության միակ եղանակն է` նշելով, որ «մարդու իրավունքները Հայաստանում ոտնահարված են, բռնաբարված»։

Րաֆֆի Հովհանիսյանը հիշեցրեց, որ մեր երկրում դեռ կան քաղաքական բանտարկյալներ` Շանթ Հարությունյանը, Վարդան Պետրոսյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը, եւ այլք։ Նա կոչ արեց բոլորին միավորվել եւ օր առաջ հեռացնել գործող իշխանությանը։

Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ դեկտեմբերի 6–ի հանրաքվեն դարձել է համակարգային բռնությունների օր, այդ թվում` լրագրողների նկատմամբ։ Ընդգծելով, որ դրանց մասին խոսել են նաեւ դիտորդական կազմակերպությունները` նա նշեց, որ իրենք պահանջում են անվավեր համարել դեկտեմբերի 6–ի հանրաքվեի արդյունքները։

Դեկտեմբերի 10–ը աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 1948թ. հենց դեկտեմբերի 10–ին է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան ընդունել Մարդու իրավունքների հռչակագիրը։