Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում քաղաքական եւ հասարակական գործիչների ասուլիսների լուսաբանումը հեռուստատեսությունների կողմից եղել է չեզոք: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` նշելով, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը ուսումնասիրվել է 110 մամուլի ասուլիս, որին մասնակցել են 172 բանախոսներ` տարբեր քաղաքական ուժերից:

«Հիմնականում հեռուստաընկերությունները չեզոք են լուսաբանվել, որը շատ լավ է: Երկու մոնիթորինգ ենք անցկացրել` նպատակը Հայաստանում քաղաքական ուժերի մամուլի ասուլիսների լուսաբանման ուսումնասիրությունն էր եւ, թե ինչպես է հանրային հեռուստառադիոընկերությունը պահպանում օրենքը` անվճար եթեր տրամադրելիս: Տասը հեռուստաընկերություններ են ուսումնասիրվել եւ «Այո»-ն մամուլի ասուլիսների մասնակցությամբ ակնհայտ առավելություն է ունեցել.  39-ը ասուլիսների ՀՀԿ-ի ներկայացուցիչն է մասնակցել, մյուս քաղաքական ուժերը բոլորը միասին մեկ ու կես անգամ պակաս են մասնակցեն նրանցից: Արտախորհրդարանական քաղաքական ուժերը տվել են ավելի քիչ ասուլիս, քան ՀՀԿ-ն: Բավական հետաքրքրիր է ՀԿ եւ հասարակական գործիչների ակտիվությունը` 66 ասուլիսների են մասնակցել»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում կազմակերպված մամուլի ասուլիսներին հեռուստաընկերությունները պատշաճ ակտիվություն չեն հատկացրել` շատ դեպքերում հեռուստաընկերությունների ներկայացուցիչները մասնակցել են ասուլիսին, սակայն չեն հեռարձակել այն:

«Ասուլիսներին հեռուստաընկերությունները մասնակցել են, սակայն չեն հեռարձակել: Թե հանրային հեռուստատեսությունը, եւ թե հանրային ռադիոն պահպանեցին ԿԸՀ հաստատած կարգը` քաղաքական ուժերի եթեր դուրս գալու հաջորդականությունը հիմնականում պահպանվել է: Այստեղ էլ առավելությունը կրկին ՀՀԿ-ինն էր, երբ խոսում ենք վճարովի եթերի մասին, Հանրային ռադիոյում միայն ՀՀԿ-ն է օգտվել վճարովի եթերից»,-ասաց Աշոտ Մելիքյանը: