Սերժ Սարգսյանն արդեն հրաժարականի մեջ է։ Յուրաքանչյուր հայ մարդ, հայաստանցի, միջազգային գործողները գիտեն, որ նրա քարտը խփված է։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք ամեն ինչ կանենք, որ գա ժամը, որ նա ունենա նվազագույն ուժը՝ հրաժարական տալու։ Որովհետու հայ ժողովրդին գցել է մեծ այլընտրանքի առաջ, մեծ կործանման առաջ։ Հայ ժողովուրդը դեկտեմբերի 6-ին աշխարհին ասաց, որ մենք ընտրում ենք հարություն, ընտրում ենք մեր իրավունքի հաղթանակը։ Պայքարը շարունակվում է, թող ոչ ոք չկասկածի, սուտ մահանաներ ոչ ոք չտա հանկարծ»,- ասել է Հովհաննիսյանը եւ հավելել. «Մենք արտագաղթել ենք, իրավազարկվել ենք, բացյ ասում ենք՝ սա մեր հայրենիքն է, ախպեր ջան, քոնը չի»։

Ըստ Հովհաննիսյանի, իրենք շարունակելու են աշխատանքը ներքին եւ արտաքին ճակատներում։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե ոստիկանապետը ընտրակեղծիքների դեմ պայքարելու փոխարեն, կեղծարարներին պատժելու փոխարեն իրենց է սպառնում վրան տեղադրելու համար։ «Դավայ»,- սա էր «Ժառանգության» առաջնորդի պատասխանը ոստիկանապետին։

«Ժառանգության» առաջնորդը նաեւ քննադատեց միջազգային հանրությանը, նշեց, որ ակնկալում են միջազգային հանրությունից, որ զորավիգ կանգնի հայ ժողովրդի անհայտորեն արձանագրված կամարտահայտությանը, պահանջի պետական հանցագործ Սերժ Սարգսյանի եւ իր շրջապատի հրաժարականը, զուգահեռ ապահովի անցնցում դեպի նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նստացույցն Ազատության հրապարակում շարունակվում է, իսկ առաջիկա օրերին բողոքի ակցիաներ են անելու մարզերում։