Սեպտեմբերի 7-ին ժամը 17:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Մյասնիկյանի արձանի դիմաց, «Առավոտ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդում իրենցից փախչող մի երիտասարդի, որին բռնել հաջողվել է միայն «Կոնգրես» հյուրանոցի մոտ։ Երիտասարդին ճանապարհային ոստիկանները նստեցրել են իրենց ծառայողական ավտոմեքենան ու տարել Կենտրոնի ոստիկանություն։ Պարզվել է, որ երիտասարդի վարած «Քրայսլեր» մակնիշի 99 ՍՍ 099 համարանիշի ավտոմեքենան ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնեցրել էին, քանի որ նա մեքենան վարելիս է եղել առանց ամրագոտին ամրացնելու և հեռախոսով խոսելիս։
Երիտասարդի մոտ չի եղել ոչ վարորդական իրավունքի վկայական, ոչ էլ մեքենայի տեխնիկական անձնագիր։ Երբ ոստիկանները փորձել են մեքենան տուգանային հրապարակ տանել, վարորդը մեքենայի դռները փակել, բանալին նետել է մայթեզրի խոտերի մեջ. հայհոյել է ոստիկաններին ու դիմել վախուստի։ Մինչ ոստիկանության բաժնում ճշտվում էր բերման ենթարկված վարորդի ինքնությունը, մի քանի ոստիկաններ «դեպքի վայրում», խոտերի մեջ փնտրում էին օրինախախտ վարորդի մեքենայի բանալիները։ «Առավոտի» տեղեկություններով, վարորդը Աշոցքի Ցողամարգ գյուղի բնակիչ, 26-ամյա Գրիշա Իշխանի Վանցյանն է:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























