Հայաստանում ալյուրի եւ հացի գների ձեւավորման մեխանիզմը մինչ այսօր էլ գաղտնիք է հասարակության համար։ Ուստի մամուլում հաճախակի են հայտնվում իրարամերժ եւ հակասական մեկնաբանություններ, իսկ կառավարության ներկայացուցիչների մեկնաբանությունների մի մասն, այնուհետեւ, հաճախ հերքվում է։ Գաղտնիության այս քողը պարարտ հող է ստեղծում աժիոտաժների ու սպեկուլյացիաների համար։
Տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցը, անմիջապես ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ զբաղվողներին հարցնելն է, բայց դա այնքան էլ դյուրին չէ։ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ NEWS.am-ը հանդիպեց «Մանչո Գրուպ» ընկերության նախագահ Իվան Մուսոյանի հետ, առաջիկայում սպասվում է նաեւ «Մանանա Գրեյնի» ղեկավար Գուրգեն Նիկողոսյանի մենկնաբանությունները. նա այս օրերին գտնվում է Բուլղարիայում։
«Մանչո Գրուպի» ղեկավարի հետ մեր հարցազրույցը տեղի ունեցավ քաղաքի ծայրամասում («Տեցի կրուգի» շրջանում) գտնվող ալրաղացի գործարանում։ Սա նախկին արդյունաբերական Երեւանի գործարանային եւ պահեստային կենտրոններից մեկն է, սակայն գործարար կյանքը հիմա այդ շրջանում այնքան էլ չի եռում։ Ալրաղացի գործարանն այն քիչ արտադրություններից է, որը դեռ գործում է։ Ի. Մուսոյանն ասում է, որ ցորենի ներկրումն ընթանում է ամբողջ թափով եւ խոստացավ, որ Հայաստանը հացի դեֆիցիտի խնդիր չի ունենա։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելք մտցրեց ցորենի արտահանման վրա, հայկական ընկերությունները ստիպված եղան կողմնորոշվել դեպի այլ շուկաները։ «Մանչո Գրուպը», մասնավորապես, ցորեն ներկրում է Իրանից, Ղազախստանից, Կանադայից, հնարավոր է նաեւ՝ Ուկրաինայից։ Ի. Մուսոյանն ասում է, որ առաջարկներ ունեն նույնիսկ Թուրքիայից՝ տոննայի համար 345 դոլար գնով, սակայն հավելում՝ «Թուրքիան լավ ցորենն առնում է, վատը վաճառում»։ Ավելի հարմար է Փոթի նավահանգստից կանադական ցորեն գնելը, որն արժե մոտ 350 դոլար։
Ընկերությունն առայժմ նախընտրում է ներկրումներ իրականացնել անմիջապես արտադրող երկրներից։ Իրանում, օրինակ, ցորենը գնվում է աճուրդներից։ Այսպես՝ Թավրիզի աճուրդում ցորենի 5000 տոննա խմբաքանակը ձեռք է բերվել տոննան 226 դոլարով։ Սակայն աճուրդին մասնակցելու իրավունքը պատկանում է բացառապես իրանական կազմակերպություններին, որոնց հարկավոր է միջնորդավճար վճարել (տոննայի համար՝ մոտ 30 դոլար)։ Ցորենը Հայաստան է հասցվում 20 տոննա բեռնատարողությամբ բեռնատարներով, ինչը ինքնարժեքը բարձրացնում է եւս 70 դոլարով։ Հետեւաբար՝ իրանական ցորենը, որն աչքի չի ընկնում շատ բարձր որակով, Երեւան է հասցվում 326 դոլար ինքնարժեքով՝ չհաշված մաքսազերծման ընթացքում վճարվող ավելացված արժեքի հարկը։
Մյուս տարբերակը Ղազախստանից ցորենի ներկրում է։ Մուսոյանն ասում է, որ հայ գործարարներն այդ երկրում վաղուց են հաստատվել ցորենի շուկայում, տասնյակ հազարավոր հեկտարներով ցորենի արտեր են մշակում։ Ղազախստանում ներկայում ցորեն կարելի է գնել տոննան 210-220 դոլարով, սակայն տեղափոխման ծախսերը բավական մեծ են։ Մինչեւ Փոթի նավահանգիստ (Եյսկի նավահանգստի միջոցով) ցորենի տեղափոխումը կարժենա մոտ 100 դոլար` տոննայի համար։ Փոթիից Այրում հասցնելու համար հարկավոր է վճարել 31,2 դոլար, Այրումից Երեւան՝ 18-19 դոլար (տատանումը կախված է շվեյցարական ֆրանկի փոխարժեքից, որով «Հարավկովկասյկան երկաթուղին» ճշտում է բեռնափոխադրման սակագինը)։ Այսպիսով՝ Ղազախստանից Երեւան ցորենի տեղափոխման տրանսպորտային ծախսը կկազմի մոտ 150 դոլար, իսկ ցորենի տոննայի ինքնարժեքը՝ 360-370 դոլար։
Ցորենի ներկրման մյուս տարբերակներից մեկը Ուկրաինան է։ Սակայն Ի. Մուսոյանն ասում է, որ թեեւ այդ երկրից պաշտոնապես ցորենի արտահանումը չի արգելվել, իրականում սահմանափակ թվով մարդկանց է թույլատրվում ցորեն արտահանել, այն էլ՝ որոշակի քվոտաների սահմաններում։ Արդեն 2 ամիս է՝ «Մանչո Գրուպը» չի կարողանում ցորենով բեռնավորված նավը հանել ուկրաինական նավահանգստից, թեեւ ցորենի համար ամբողջովին վճարել է:
Ի դեպ՝ «Մանչո Գրուպի» նախագահը չբացառեց առաջիկայում Ռուսաստանից մոտ 100 հազ. տոննա ցորենի ներկրման քվոտայի սահմանումը Հայաստանի համար, առավել եւս , որ էմբարգոյի մասնակի կասեցումը նման հնարավորություն տալիս է։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե այդ քվոտայի սահմաններում ռուսական ցորենի գինը որքանով նախընտրելի կլինի Հայաստանի համար։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ, Երեւան հասնող ցորենի ինքնարժեքը տատանվում է 330-370 դոլարի սահմաններում՝ տոննայի համար։ Դրան պետք է գումարել նաեւ 20 տոկոս ավելացված արժեքի հարկը։ Ի. Մուսոյանն ասում է, որ կառավարությունն ընդառաջ է գնացել ցորեն ներկրողներին եւ մաքսազերծումն իրականացնում է 250 դոլար կողմնորոշիչ գնով, այսինքն՝ յուրաքանչյուր տոննայի համար վճարվում է 62,5 դոլար ավելացված արժեքի հարկ։ Հետեւաբար՝ Երեւանի կայարանում ցորենի վերջնական ինքնարժեքը մոտ 390-430 դոլարի սահմաններում է։
Ի. Մուսոյանի տեղեկացմամբ՝ ցորենի միայն 50 տոկոսն է վերածվում բարձր կարգի ալյուրի, մնացածը կամ ավելի ցածր կարգի ալյուր է, կամ անասնակեր։ Հաշվի առնելով արտադրության ծախսերը՝ 1 տոննա ցորենից ստացվում է 456 դոլարի արտադրանք, ինչը շատ մոտ է ներկրված ցորենի ինքնարժեքին, իսկ երբեմն զիջում է դրան։ Այդ պատճառով «Մանչո Գրուպի» նախագահը բացառեց, որ առաջիկայում ալյուրի մեծածախ գինը կիջնի 1 պարկի համար 10 հազ. դրամից (մոտ 27,3 դոլար)։ Նրա տեղեկացմամբ՝ Վրաստանում, որտեղ ավելացված արժեքի հարկը 18 տոկոս է, իսկ տրանսպորտային ծախսը՝ 25-30 դոլարով ավելի քիչ, 1 պարկ ալյուրն ավելի թանկ արժե՝ մոտ 31 դոլար։ Ինչ վերաբերում է մամուլում բազմիցս արծարծված այն հարցին, որ Հայաստանում թանկացել է այն ալյուրը, որ պատրաստված էր նախկինում էժան ներկրված ցորենից, Ի. Մուսոյանն ասաց, որ թանկացման պատճառը եղել է աժիոտաժը, երբ որոշ մարդիկ սկսել են հարյուրավոր, անգամ հազարավոր պարկ ալյուր գնել։ Առկա կարճաժամկետ դեֆիցիտն էլ նպաստել է գների չափից ավելի աճին։ Սակայն ներկայում այդ աժիոտաժն անցել է, արդյունքում՝ ալյուրը էժանացել է եւ համապատասխանում է ներկրման արժեքին։
Սամվել Ավագյան





























