Հայաստանի նկարիչների միության համար տարին լի էր ցուցահանդեսներով, հատկապես կարեւոր էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Մոտ հիսուն ցուցահանդես է եղել այս տարի` եւ երիտասարդ արվեստագետների, եւ ուսանողների: Իհարկե, շատ հետաքրքիր ու կարեւոր էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որին ներկայացված էին ավելի քան 300 նմուշ»,- ասաց Կարեն Աղամյանը:

Աղամյանի խոսքով` հայերն արվեստասեր են եւ երբ ունեն հնարավորություններ, կարողանում են ակտիվ աշխատանք կատարել:

«Նկարիչների միությունը պայմաններ եւ հնարավորություններ է ստեղծում, որը արվեստագետներն օգտագործում են եւ ստեղծագործում: Իսկ առհասարակ, միությունը հազիվ գոյատեւում է: Այդ պատճառով մենք չենք կարողանում օգնել նկարիչներին` ցուցահանդեսներ կազմակերպելու արտասահմանում»,- ասաց Կարեն Աղամյանը:

Հարցին, թե միությունն այսօր ինչ խնդիրներ ունի, որոնք դեռեւս չի կարողանում լուծել, միության նախագահը պատասխանեց. «Արվեստագետների կեցության խնդիր ունենք, Հայաստանում չկա նաեւ արվեստանոցային ֆոնդ. Ուսանողն ավարտում է եւ արվեստանոցի կարիք ունի, սակայն Նկարիչների միությունը չունի հնարավորություններ` նրանց օգնություն ցուցաբերելու համար: ԽՍՀՄ տարիներին ունեինք հազարից ավելի արվեստանոց, իսկ այսօր հարյուրն էլ չի մնացել»: