Հանրապետության տարածքին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արեւմուտքից տաք օդային հոսանքներ են մոտենում, կանխատեսվում է ջերմաստիճանի էական բարձրացում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ լեռնային մարզերում՝ մոտ 5-7 աստիճանով, իսկ Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում՝ 3-4 աստիճանով: Տավուշի եւ Սյունիքի հովիտներում՝ մասնավորապես Իջեւանում, Բագրատաշենում, Կապանում, Մեղրիում,  սպասվում է մինչեւ 15 աստիճան տաքություն:

«Արարատյան դաշտում եւ Երեւանում երեկվա 0 աստիճանի փոխարեն այսօր եւ վաղը արդեն կունենանք մինչեւ 5 աստիճան տաքություն: Ողջ շաբաթվա ընթացքում տաք եղանակը կպահպանվի, հիմնականում սպասվում են առանց տեղումների օրեր, բացառությամբ այսօրվա եւ դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամերի, երբ առանձին հատվածներում կա թույլ եւ կարճատեւ ձյան հավանականություն»,- ասաց Գագիկ Սուրենյանը: