Հայաստանի կոմպոզիտորների միությունը 2015թ.-ին կարողացել է կատարել ծրագրվածը, սակայն նվազագույն ֆինանսական միջոցներով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց միության նախագահ Արամ Սաթյանը:

«Շատ մեծ դժվարություններով կարողացանք իրականացնել մեր ծրագրերը: Պատճառն այն է, որ մենք ավելին էինք սպասում, ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ ֆինանսավորում կստանան: Օրինակ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված չորս համերգ ենք կազմակերպել Փարիզում, որից միայն երկուսն է ֆինանսավորվել: Այս տարի մենք բազմաթիվ համերգներ ենք ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանում եւ այլ երկրներում»,- ասաց Արամ Սաթյանը:

Նրա խոսքով` միություններն այսօր կարծես սահմանամերձ գոտում լինեն, մինչդեռ նրանք պետք է ֆոնդեր ունենան, որոնց օգնությամբ կկարողանան ճանապարհ հարթել հատկապես երիտասարդ ստեղծագործողների համար:

«Կոմպոզիտորին գումար հարկավոր չէ, պարզապես պետք է, որ ֆինանսական միջոցներ ունենանք`հայկական մշակույթը ցույց տալու համար: Երիտասարդներին պետք է օգնել, հնչողություն տալ նրանց ստեղծագործություններին, որպեսզի կարողանան ասպարեզ դուրս գալ: Մենք բազմիցս բիզնես ծրագրեր ենք ներկայացրել, սակայն հարցը դեռեւս չի լուծվում»,- ասաց Արամ Սաթյանը` նշելով, որ հաջորդ տարի կայանալիք միջազգային փառատոնի համար իրենք մտադիր են Դիլիջանում համապատասխան պայմաններ ստեղծել: