ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, ուր այս տարվա բնակարանաշինության ծրագրով Ավետիսյանների ընտանիքը ավարտել էր կիսակառույց տան շինարարությունը եւ բնակարանամուտ էր տոնում:

Ավետիսյանների երեք զավակները մեծացել են ընտանիքի հոր՝ Սերոբի հայրական տան կիսանկուղային  երկու փոքրիկ սենյակներում, առանց խոհանոցի ու սանհանգույցի: Չնայած Արցախյան պատերազմի տարիներին ստացած վերքերի, որոնք մինչ օրս իրենց զգացնել են տալիս, Սերոբը քարը քարին է դրել՝ փորձելով կառուցել իր տունը, իր երեխաների ապագան, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն:

«Ձմռան գալուստն այնքան մեծ բեռ էր ընտանիքիս ուսերին: Ցուրտ ու խոնավ  պատերը կարծես պատիժ լինեին: Ամեն օր տեսնելով, որ իմ հասուն երեխաները չունեն տարրական կենցաղային պայմաններ, որ յուրաքանչյուրը պետք է ունենա, սիրտս ցավում էր: Հիմա անսահման  երջանիկ եմ ու շնորհակալ այս օգնության համար, որի շնորհիվ ոչ մի ձմեռ այլեւս սարսափելի չէ»,-ասել է Սերոբը:

Բնակարանաշինության ծրագրով այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ ‹‹Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի›› իրականացմամբ, հանրապետության տասը մարզերի 18 համայնքներից 40 ընտանիք ձմեռը կդիմավորի ապահով տանիքի տակ, առանց քամուց սուլող պատուհանների ու  խարխլված տանիքի քանդվելու սպառնալիքի:

«Տուն կառուցելը գործի միայն մի մասն է, եւ այդ բեռը ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամորեն վերցնում է իր վրա: Տան տերերին մնում է միայն այդ տունն իրենց ընտանիքի համար ամրոց դարձնել, պահպանել ընտանիքի ամրությունը, ջերմ մթնոլորտում մեծացնել երեխաներին: Չէ՞ որ տունը միայն ապրելու վայրը չէ. այն մարդու հոգեկան հանգստության, ապահովության եւ լիարժեքության զգացողության գրավականն է: Եթե մարդն իր տանն իրեն լավ զգա, նա երբեք չի մտածի երկիրը լքելու եւ օտարության մեջ բախտ որոնելու մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի հայրը ժամանակին կռվել ու պայքարել է հանուն մեր հայրենիքի սահմանների անսասանության, հանուն մեր երեխաների անվտանգության: Այսօր յուրաքնչյուրիս պարտքն է օգնել իրար: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել ամուր տուն, միասնական համայնք ու ապահով հայրենիք»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015թ-ի բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Ծրագրի շնորհիվ 2007թ.-ից մինչեւ 2015թ.-ի ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի: