Ռուսական «ԲՄԱ – Էներգիայի» մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն օրեր առաջ գտնվում էր Երեւանում: Ռուսական տարբեր թիմերում աշխատած մասնագետը բազմիցս նշել էր, որ ցանկանում է աշխատել Հայաստանի հավաքակնների հետ: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Գրիգորյանը պատմեց ցանկությունների եւ հեռանկարների մասին:

Պարոն Գրիգորյան, Ձեր թիմերում ժամանակին խաղացել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Ռուսլան Կորյանը: Այս պահին «ԲՄԱ Էներգիան», որը Դուք մարզում եք, մտադրություն չունի՞ համալրվելու հայ ֆուտբոլիստներով:

Այս պահին ցանկանում եմ, որ իմ թիմ կրկին վերադառնա Ռուսլան Կորյանը: Ինձ թվում է, որ նա ի զորու է օգնելու Հայաստանի հավաքականին: Նրան պետք է դուրս գալ նոր մակարդակի, որը նա ցույց էր տալիս Վլադիվոստոկում: Ռուսլանին պետք է այնպիսի մարզիչ, որը նրան կվստահի եւ գիտի, թե ինչպես պետք է պատրաստել նրան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փնտրում էր հայ մարզչի: Ձեզ չե՞ն դիմել:

Յուրաքանչյուր հայ մասնագետ  երազում է մարզել Հայաստանի հավաքականն ու «Արարատը»: Ես մանկուց եմ այդ թիմը սիրում: Վերջերս մտածում էի այն մասին, որ կցանկանայի աշխատել հենց «Արարատի» հետ: Ես կուզեի իսկապես աշխատել հայկական թիմի հետ, որն իր առջեւ Եվրագավաթներում հանդես գալու նպատակներ է դնում: Դրա համար մեծ գումարներ պետք չեն: Մենք գիտենք մոտ 20 000 բառ, բայց խոսակցականում օգագործում ենք առավելագույնը 1000-ը: Այդպես էլ ֆուտբոլում. կարելի է հասնել հաջողությունների փոքր հնարավորություններով:

Ֆեդերացիան փնտրում էր հայ մասնագետի, կարծում եմ՝ ինձնով էլ են հետաքրքրվել: Բայց գուցե իմ բնավորության որոշ գծերը նրանց դուր չեն գալիս: Ինձ հետ հարմար է աշխատել միայն դեմոկրատ ղեկավարներին, որոնք ինձ վստահում են, որպես գլխավոր մարզչի եւ աշխատում են տարանջատել իմ եւ իրենց ֆունկցիաները: Սա շատ կարեւոր պահ է: Գուցե եթե ես լինեի ավելի հասարակ ու ավելի փիլիսոփայորեն մոտենայի հարցերին, թույլ տայի ղեկավարությանը խառնվել իմ գործերին, ինձ ավելի հեշտ կլիներ: Բացի այդ, ինձ թվում է, այն, որ ես չեմ տիրապետում հայերենին արդեն իսկ մեծ խնդիր է առաջացնում:

Ես գիտեմ, որ մեկ օր մարզելու եմ Հայաստանի ազգային հավաքականը: Այժմ որոշել եմ զբաղվել իմ առողջությամբ: Ուզում եմ ապրել մինչեւ հարյուր տարեկան: Հայաստանում կգան մարդիկ, ում համար ֆուտբոլի զարգացումը շատ կարեւոր կլինի: Չգիտեմ դա կլինի 10, թե 20 տարի հետո, բայց այդ օրը կգա:

Եթե հենց այս պահին հայկական ակումբներից լավ առաջարկ լիներ, կգայի՞ք այստեղ աշխատելու:

Ես խոսում եմ իմ պատրաստ լինելու մասին, բայց գուցե շատ խնդիրների ու մանրուքների իմացությունն ազդեն իմ ընտրության վրա: Եթե ես թիմի հետ ցանկանամ հաջողության հասնել, ղեկավարությունը չպետք է խառնվի մեր գործերին: Մեկ անգամ եղել է այդպես, երբ ղեկավարը խառնվեց իմ գործերին: Նա դա արեց ֆուտբոլւստների ներկայությամբ: Դա մեր համատեղ աշխատանքի վերջին օրն էր:

Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ֆեդերացիայի նախագահը որոշ ֆուտբոլիստների մեղադրեց Ալբանիայի հետ խաղը հանձնելու մեջ:

Եթե ես լինեի ֆուտբոլիստ եւ ինձ այդպիսի բանում մեղադրեին, ես ինձ շատ ագրեսիվ կպահեի: Ընդվզումը նվազագույն էր, ինչ ես կանեի:

Իսկ եթե դրանից հարվածի տակ  է ընկնում Ձեր հետագա կարիերան հավաքականո՞ւմ:

Ի՞նչ կարիերայի մասին է խոսքը, երբ թիմին մեղադրում են այդպիսի բանում: Կյանքում ամեն բան կարող է լինել: Ես ինքս երբեմն գուցեեւ նեղացնեմ ֆուտբոլիստներին: Երբ ավելի երիտասարդ էի, լինում էր, գուցե անգամ վիրավորեի, բայց կա հստակ սահման վիրավորելու ու խաղը հանձնելու մեջ: Ես որպես ֆուտբոլիստ եմ փորձում նայել իրավիճակին: Ես ինձ չէի կարող ստիպել խաղալ թիմում, երբ ինձ մեղադրել են ամենասուրբ թեմայի՝  հավաքականին դավաճանելու մեջ: Մյուս կողմից էլ մտածում ես, ի՞նչն է ավելի կարեւոր ֆուտբոլիստի համար՝ առանց ապացույց վիրավորանքները, թե՞ հավաքականը: Ինչպես կարելի է գնալ փոխզիջման այս հարցում: Դժվար է ասել:

Վերջում մի քիչ հեռանանք այս թեմայից: Իմ սիրած հարցը՝ ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Մեսսին:

Վերա Մարտիրոսյան/Vera&Football