Երեւանի Մյասնիկյանի 20 Ա հասցեի բենզալցակայանում դեկտեմբերի 21-ին սպանված տղամարդը բենզալցակայնի աշխատաիցն է, որին դանակով հարվածել են բենզալցակայնը թալանելու փորձի ժամանակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին,  NEWS.am-ին պատմեց բենզալցաակայանի տնօրեն Հովհաննես Տերլիկյանը:

«Առավոտյան ժամը 05:00 մասկաներով 2 հոգի եկել են, փորձել են թալանել բենզալցակայանը, միայն Ավետիքն է եղել այդ պահին տարածքում, մյուս աշխատողը բացակայել է մի քանի րոպեով, Ավետիքից փող են ուզել, ինքն էլ ասել է դուք ով եք, որ փող տամ ու դանակով հարվածել են»,-պատմեց տնօրենը՝ նշելով, որ պատահածի մանրամասների մասին իմացել է Ավետիք Մարտիրոսյանից, որը նախքան  հիվանդանոց տեղափոխվելը գիտակցություն է ունեցել ու պատմել է կատարվածի մասին: 47-ամյա Ավետիքը 10 օր առաջ էր ՌԴ-ից վերադարձել ու բենզալցակայնում աշխատանքի ընդունվել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ դեկտեմբերի 21-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա:

Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ձեռքի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Ավետիք Մարտիրոսյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ժամը 10.50-ին նշված բուժհաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ Ավետիք Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: