«Լվովուգոլ» ձեռնարկության գործադուլ հայտարարած հանքափորները փակել են «Լվով – Ռավա Ռուսսկայա» ավտոմայրուղին, «Ֆեյսբուքում» հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Միխայիլ Վոլինեցը:

«Կիեւի ակցիայի հետ միաժամանակ, որտեղ պետական ածխաարդյունահանման ձեռնարկությունների հանքափորները առավոտյան 9:30 ից սկսած ցույց են անում Գերագույն ռադայի շենքի առաջ՝ պահանջելով մարել աշխատավարձի պարտքը, որն արդեն գերազանցել է 800 մլն գրիվենըտ (35 մլն դոլարը)՝ Լվովում Ուկրաինայի արհմիությունների ֆեդերացիայի, Հանքափորների անկախ արհմիության ու արհմիությունների կոնֆեդերացիայի դրոշներով ավելի քան 300 հանքափորներ պնդում են, որ պետական հանքավայրերին անհապաղ վերադարձվի պարտքը, որը էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարության տվյալներով կազմում է 650 մլն գրիվեն (շուրջ 27 մլն դոլար) »,- գրել է նա:

Կիեւում Գերագույն Ռադայի շենքի առաջ ցույց կազմակերպած հանքափորերը  պահանջում են նաեւ բարձրացնել իրենց աշխատավարձերը, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով Ռադայի շենքի մոտ մոտավորապես 200 հանքափոր է հավաքվել: