Թեեւ քաղաքական շրջանակներում կանխատեսումներ կային, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իշխանության հետ կոալիցիա կկազմեն, սակայն այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ակնարկ անգամ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես հավաստիացնում եմ` կոալիցիայի վերաբերյալ քննարկումներ, անգամ ակնարկների մակարդակում խոսակցություններ չկան կուսակցությունում: Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, ես բացարձակապես քաղաքական առումով նպատակահարմար չեմ համարում մեկ տարվա համար կոալիցիա կազմել: Առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, որից առաջ նպատակահարմար չէ կոալիցիա կազմելը»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է 2017-ի շեմին Ծառուկյանը վերադառնա կուսակցություն, Զոհրաբյանը խուսափեց պատասխանել` նշելով, որ Ծառուկյանը բազմիցս իր քաղաքական նպատակների մասին անձամբ է հայտարարել:
Նշենք, որ փետրվարին ԲՀԿ-ն պատրաստվում է հերթական համագումարին` միաժամանակ նշելով կուսակցության 10-ամյակը:
Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` կոնկրետ իր համար հաջո՞ղ տարի էր 2015-ը, այն առումով, որ ստանձնեց կուսակցության ղեկավարի պաշտոնը, ինչին նա պատասխանեց. «Ես փիլիսոփայորեն եմ վերաբերում յուրաքանչյուր հարցի, այսօր կարող է ես լինեմ կուսակցության նախագահը, վաղը կուսակցությունը որոշի, որ ավելի լավ կազմակերպիչ ու մենեջեր կա մեր շարքերում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար դառնալն իմ մանկության երազանքը երբեւէ չի եղել: Իհարկե, ես ասեմ` միջազգային հանրության համար սա շատ ընկալելի է, եւ կուսակցությունը հիմա առավել, քան երբեւէ ունի միջազգային տարբեր կառույցների աջակցությունը նաեւ այն պատճառով, որ կուսակցության ղեկավարը կին է»:




























