Պետդուման երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ հաստատել է օրենքը, որը ռուսական լրատվամիջոցներին պարտադրում է հաշվետու լինել արտասահմանից ֆինանսավորման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Այդ պահանջի կրկնակի խախտման դեպքում տուգանք է նախատեսված ստացված միջոցների բազմակի չափով:
Հենց որ ՌԴ նախագահը ստորագրի օրենքը, լրատվամիջոցների խմբագրությունները, հեռարձակողները եւ հրատարակչությունները պարտավոր կլինեն հաշվետու լինել օտար պետությունից, միջազգային կազմակերպություններից, արտասահմանյան գործակալ ճանաչված ոչ առեւտրական կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից, ինչպես նաեւ օտարերկրացիների կողմից հիմնադրված ռուսական կազմակերպությունից ստացված գումարների մասին:
Լրատվամիջոցը եռամսյակը մեկ ծանուցում կուղարկի Ռոսկոմնադզոր: Տեղեկությունը կհրապարակվի կարգավորիչ մարմնի պաշտոնական կայքում:
Նոր նորմայի միանգամյա խախտման համար լրատվամիջոցների պաշոնեական անձինք կվճարեն 30 հազարից մինչեւ 50 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձինք` այնպիսի գումար, որը հավասար է ստացված ֆինանսական միջոցներին:
Կրկնակի խախտման դեպքում ֆիզիկական անձանց կպատժեն 60 հազարից մինչեւ 80 հազար ռուբլի տուգանքով, իսկ իրավաբանական անձանց` այն միջոցաների եռակի-քառակի չափով, որոնց մասին պարտավոր էին իրազեկել:
Օրինագծի վերջնական տարբերակն ավելի մեղմ է, քան այն, ինչն ավելի վաղ էր ուսումնասիրվել: Նախորդ խմբագրության մեջ խոսք կար տարվա ընթացքում բազմակի խախտման դեպքում լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:
Օրենքը չի վերաբերում այն միջոցներին, որոնք ստացվել են գովազդի վաճառքից կամ էլ բաժանորդագրությունից: Բացի այդ, պարտավոր չեն հաշվետու լինել այն լրատվամիջոցները, որոնք ստեղծվել են ՌԴ միջազգային պայմանագրերին համապատասխան, օրինակ` «Միր» հեռուստաալիքը:



























