ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, թե ահաբեկչական սպառնալիքից վախը մեծ մասամբ «լրատվամիջոցների աղմուկի» հետեւանքն է` միաժամանակ մոռանալով, որ այնպիսի դեպքեր, ինչպիսին Փարիզի ահաբեկչական գործողություններն էին եւ Սան Բեռնարդինոյում գնդակոծությունը, իրենցից ռեալ վտանգ են ներկայացնում, գրում է Washington Examiner ամսագիրը:
«Եթե վերջին ամսվա ընթացքում դուք հեռուստացույց եք դիտել, այն ամենը, ինչ տեսել եւ լսել եք, սեւ դրոշով դիմակավոր մարդիկ են, որոնք իբր գալու են ձեր հետեւից: Այնպես որ ես հասկանում եմ, թե մարդիկ ինչու են անհանգստացած դրանով: Լսեք, լրատվամիջոցներն իրենց վարկանիշն են բարձրացնում», — իր հարցազրույցներից մեկում հայտնել է քաղաքական գործիչը, գրում է Gazeta-ն:
Պարբերականի կարծիքով, այսպիսով Օբաման հասկացնել է տվել, որ «Իսլամական պետության» առումով բոլոր մտավախությունները եւ նրա դեմ ամերիկյան երկարատեւ եւ անարդյունավետ պայքարի արշավի քննադատությունը մեծ մասամբ հիմնված են «լրատվամիջոցներում աղմուկի վրա»: Հոդվածի հեղինակի կարծիքով, նման մեկնաբանություններն ապացուցում են, որ նախագահը «կտրված է իրավիճակից» եւ շարունակում է իրականացնել իր «անհիմն լավատեսության» բազմամյա քաղաքականությունը:
Նշվում է, որ 2014-ին մի քանի ամիս այն բանից առաջ, երբ ԻՊ-ը գրավեց Իրաքի իր մեծությամբ երկրորդ քաղաքը եւ մոտեցավ Բաղդադին, Օբաման կարծիք հայտնեց այդ կազմակերպության վերաբերյալ եւ ասաց, թե այն «երկրորդ կարգի ահաբեկչական խմբավորում է»: Փարիզյան գրոհներից մի քանի ժամ առաջ նա դարձյալ ասաց, թե հնարավոր կլինի զսպել ԻՊ-ին: Այսպիսով` ժամանակն է, որ Օբաման հասկանա, որ ինքը թերագնահատում է ԻՊ-ին, կարծում է հոդվածի հեղինակը:




























