Երեւանի Շենգավիթ համայնքում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 24-ին սպանված հայտնաբերվածը «Գուդվինի» աշխատակից 28-ամյա Արթուր Նազարյանն է: Երիտասարդի դին հայտնաբերել է նրան հերթափոխելու եկած աշխատակիցը, որն էլ ահազանգել է ոստիկանություն:
Ըստ դեպքի վայրում աշխատող իրավապահների՝ տղամարդու դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան: Առայժմ հայտնի չէ՝ ինչով են սպանել Արթուր Նազարյանին: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, հատակը՝ ամբողջությամբ պատված է արյունով: Իրավապահները կասկածներ ունեն, որ աշխատակիցը սպանվել է կոտրված ապակե իրերի կտորտանքներից մեկով:



























