Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով ամբաստանյալների՝ դատախազ Հայկ Հարոյանին դեմ ներկայացրած բացարկի միջնորդությունը մերժվեց:

Դատավորը հայտարարեց, որ դատախազի՝ դատական պրոցեսին չմասնակցելու հիմքեր չի տեսնում:

Նշենք, որ պաշտպանները միջնորդությունը պատճառաբանել էին նրանով, որ դատախազը կանխակալ վերաբերմունք է ունեցել, քննությունը օբյեկտիվ չի անցկացրել: Նրանք նշեցին, որ իրենց ներկայացրած միջնորդությունները դատախազը անհիմն մերժել է:

Նշենք, որ այսօր, ըստ էության, առաջին դատական նիստն է կայանում: Նախքան այս  4 նիստ հետաձգվել է՝ պաշտպանների բացակայության պատճառով: Այսօր նիստին առաջին անգամ ներկայացել են բոլոր ամբաստանյալներն ու պաշտպանները, այդ թվում` Վարազդատ Սաֆարյանը, որը ժամկետային զինծառայության մեջ է, գործով անցնում է ոչ թե սպանության, այլ նույն ինստիտուտի այլ կուրսանտների ծեծի ենթարկելու դրվագով: Տուժող կողմից դատարանում է տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը` սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը, մայրը դատարան չի եկել:

Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Հարությունյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա  2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: