Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով ամբաստանյալները, բոլորը` նույն հաստատության կուսանտներ, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
«Չեմ ընդունում, չեմ ճանաչում ինձ մեղավոր որեւէ դրվագով»,- ասաց ամբաստանյալներից Նորիկ Սահակյանը:
«Անմեղ եմ, կապ, առնչություն չունեմ»,- ասաց Վաչե Սահայանը:
Վաչե Սահակյանը, որը նույն գործի շրջանակում մեղադրվում է նաեւ Մովսես Ազարյանի եւ Վարազդատ Սաֆարյանի հետ այլ կուսանտների ծեծի ենթարկելու մեջ, հայտարարեց, որ այս մասով ընդունում է մեղադրանքը մասնակիորեն. «Մի խումբ անձանց կողմից չի եղել ծեծը, միայնակ եմ եղել»:
Վարազդատ Սաֆարյանը, որ մեղադրվում է կուրսանտների ծեծի ենթարկելու մեջ, նույնպես չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:
Ամբաստանյալներ Գնել Թեւոսյանը եւ Մովսես Ազարյանը նույնպես հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված սպանության մեղադրանքը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2016թ. հունվարի 14–ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:




























