Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցած սպանության գործով արդեն կա մեղադրյալ:
«Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Դեկտեմբերի 24-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այդ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ սպանության մեջ մեղադրվում է 32-այա Կարեն Շահինյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։





























