Արմավիրի մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն մեղադրվում է շորթում կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկն ապրիլի 23-ին ծանոթացել է Մագդա Ս.-ի հետ, որից հետո վերջիններս սկսել են հանդիպել: Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Մագդայի համաձայնությամբ Նարեկն իր բջջային հեռախոսով լուսանկարել է նրան կիսամերկ վիճակում եւ իր հետ համբուրվելիս: Մայիսին արդեն Մագդայի անձն արատավորող տեղեկություններ` վերը նշված լուսանկաները հրապարակելու, ինչպես նաեւ Մագդայի կողմից իրավապահ մարմիններին դիմելու դեպքում վերջինիս մերձավորների նկատմամբ զենքի գործադրման սպառնալիքներով, նրանից պահանջել է 180 հազար դրամ արժողության բջջային հեռախոս կամ դրա գումարը: Որպես Մագդայի կողմից իր պահանջի կատարման երաշխիք, Նարեկը նրանից վերցրել է վերջինիս անձնագիրը եւ սոցիալական քարտը: Մայիսի 29-ին պահանջված գումարը ստանալու նպատակով, Վեդիում հանդիպել է Մագդային եւ շորթմամբ նրանից հափշտակել 50 հազար դրամ եւ շուրջ 53 հազար դրամ արժողության ոսկյա մատանի` վերջինիս վերադարձնելով նրա անձնագիրը եւ սոցիալական քարտը:
Նարեկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով: Գրավի դիմաց նա ազատ է արձակվել:
Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:




























