Փետրվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող, Երեւանի 19-ամյա բնակիչ Ալբերտ Սաֆարյանի ծնողները հույս ունեն, որ դատաքննության ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կստանան:

«Դեռ չգիտենք՝ ոնց ա, ինչ ա, դատաքննությունը կսկսվի, կպարզվի ամեն ինչ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը:

Հոր խոսքով՝ իրենց տեղյակ են պահել նախաքննության ավարտի եւ գործը դատարան ուղարկելու մասին, սակայն դեռեւս չգիտեն, թե որ դատարանն է քննելու գործը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ զինծառայող Գեւորգ Ղազարյանը պարբերաբար ծեծել, հայհոյել, հրել, քաշքշել է համածառայակից Ալբերտ Սաֆարյանին, ինչի հետեւանքով Սաֆարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով ինքնասպան է եղել:

Զինծառայողներ Արայիկ Սուքիասյանն ու Միհրան Հովակիմյանն էլ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել իրենց նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Ա.Սաֆարյանին:

20-ամյա Գեւորգ Ղազարյանին եւ Միհրան Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով: 30-ամյա Արայիկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 358-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Ղազարյանն ու Հովակիմյանը կալանավորված են, իսկ Սուքիասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ.-ին փետրվարի 27-ին ժամը 20:40-ի սահմաններում N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգով ստացած մահացու վնասվածքից` ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրվում են 3 անձ՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։

Նշենք, որ Ալբերտ Սաֆարյանի ծնողներն ի սկզբանե պնդում էին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին: