Գյումրիում 2016-ին քաղաքապետի ընտրություններ են ու առաջադրվելու ցանկություն ունեցող թեկնածուները դեռ դրա մասին չեն հայտարարում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահ է, որ եթե իր թեկնածությունն առաջադրի, ապա երկրորդ թեկնածու չառաջադրվի՝ գիտակցելով իր մեծ ընտրազանգվածը:
«Երբ որ տեսնեմ` ժողովուրդը եկավ դուռս հավաքվեց ու ասեց` դարձի Գյումրիի քաղաքապետ, ու ես տեսա, որ դա քաղաքականության համար չի արվում, այլ ճշմարտության համար, եւ ժողովուրդը ուզում է, որ ես ղեկավարեմ ու իրենց հոգսերը թեթեւացնեմ, էդ ժամանակ նոր կմտածեմ: Բայց ես ինձանով երբեք չեմ առաջադրվի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վարդան Ղուկասյանը:
Հարցին, թե առաջադրումների հարցում արդյոք վճռորոշ չի լինի Գյումրիում «ոչ»-ի հաղթանակը, նա արձագանքեց. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ նման հարցեր մի տվեք, ես ՀՀԿ-ի շարքային, սովորական անդամ եմ: Երբ որ ես էի 13 տարի աշխատում, երբեք էդպես «ոչ» չի եղել: 13 տարի պրոբլեմ չի եղել: Չգիտեմ` հիմա ոնց է, ինչ է: Ես արդեն ասացի` որ դեպքում կառաջադրվեմ»:
Ղուկասյանը վստահեցրեց, թե Մարտուն Գրիգորյանի հետ մրցակցությունն էլ իրեն չի վախեցնում. «Որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ, ոչ մեկ չի առաջադրի իր թեկնածությունը, դա բոլորը գիտեն, թե իմ ձայներն ինչքան են: Ես բոլորին լավ ու ճիշտ եմ վերաբերվում»,-ասաց նա:
Անդրադառնալով Սամվել Բալասանյանի` աշխատավարձից հրաժարվելուն մինչեւ վերջին գյումրեցին տուն չունենա, Ղուկասյանն ասաց. «Ի~նչ մեծ բան արեց: Ինչու եք բերանս բացում.. Ես 13 տարի աշխատավարձ չեմ ստացել, դա իմ հետեւից սովորեց, ես իմ աշխատավարձը բաժանել եմ ժողովրդին, ունեցվածքը բաժանել եմ ժողովրդին, ամբողջ քաղաքը գիտի: Ես ստացել բաժանել եմ, էդ օրը հերթի էին կանգնում: Ոչ միայն աշխատավարձս, այլ նաեւ իմ սեփական եկամուտներից եմ բաժանել: Էդ մարդը էս քաղաքի Կորեյկոն է, էս քաղաքում իրանից հարուստ մարդ չկա, էս քաղաքի ունեցվածքը 10 կոպեկով սեփականաշնորհել է, բոլորը դա լավ գիտեն, հիմա ի~նչ մեծ բան է անում որ»:




























