Անցնող տարվա նշանակալի իրադարձություն երիտասարդների, քաղաքացիական հասարակության զարթոնքն էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն՝ ամփոփելով 2015-ը։
«2015 թվականի նշանակալի, առանցքային իրադարձությունը մեր երկրի համար թերեւս քաղաքացիական հասարակության, երիտասարդության զարթոնքն էր։ Բոլորս անչափ կարոտով ենք հիշում Բաղրամյան պողոտայում երիտասարդների պայքարը։ Եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ երիտասարդները միավորվեցին խնդրի շուրջ, եւ մենք հասկացանք՝ ինչ կարեւոր է ունենալ այնպիսի երիտասարդներ, ովքեր կարող են կրիտիկական պահերին այդքան կազմակերպված, վճռական լինել»,-ասաց Անահիտ Բախշյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքացիական հասարակության ակտիվությւոնը շարունակվեց ու լավագույնս արտահայտվեց սահմանադրական հանրաքվեի ժամանակ։
«Այդ ընդգծված «ոչ»-ը զարթոնքի շարունակությունն էր։ Իմ կողմից ինչքան հարգված մարդ կար «ոչ» էր։ Եւ արվեստի, եւ կրթության, եւ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները, ովքեր որ ինձ համար հեղինակություն են եղել, անկախ իր զբաղեցրած դիրքից, «ոչ» էր։ Ես աշխատում եմ պետական հիմնարկում, իմ գործունեությունը պետական մակարդակի հիմնարկների հետ է առնչվում եւ տարբեր մակարդակներում մարդիկ այլեւս չեն թաքցնում, որ էսպես չի կարելի շարունակել»։
Տիկին Բախշյանի խոսքով հասարակական այդ տրամադրություններն էլ ստիպեցին, որ իշխանությունները հրապարակային խոստովանեն իրենց բացերի մասին։
«Այլեւս անկարող էին թաքցնել իրականությունը։ Թեեւ իրենց բացերն ու անգործությունը վերագրում էին գործող Սահմանադրությանը, բայց կարեւորը, որ անձամբ խոստովանում էին դրանց մասին»։
Այս տարվա իրադարձություններից Անահիտ Բախշյանը եկել է այն եզրահանգման, որ երիտասարդ սերունդը զերծ է սովետական վարակից եւ ավելի անկաշառ ու պատասխանատու է։ Իրավիճակ փոխելու համար այս սերնդին արժանի առաջնորդներ են պետք, իր խոսքով՝ առնվազն տասը լավ առաջնորդ։




























