ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղեւորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ Զուրաբ Իբրահիմի Դոլիձեի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կիլոմետր հատվածում` Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ շրջվել ձախ կողմում գտնվող ձորակը, որի հետեւանքով ուղեւորներ Կարինե Չինարյանը եւ Մարինե Ջիջավաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն», իսկ Մամուկա Ջիջավաձեն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
2015 թվականի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացվել Զուրաբ Դոլիձեի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին, եւ վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։




























